«ՈՐԴԱՆՑ ՈՐԴՅԱՑ»
Մաս I
1
«Եվ այսպես, առաջին օրը ստեծվեց հողն ու երկինքը և հողը բաժանվեց երկնքից: Երկրորդ օրը ստեղծվեց խոտն ու ծառը և դա լավ էր: Երրորդ օրը ստեծվեցին տերևները ծառի վրա: Չորրորդ օրը ստեղծվեցին ծաղիկները և նրանք փայլում ու բուրում էին: Հինգերորդ օրը ստեղծվեցին խնձորը, տանձը, սալորը ու նման շատ համեղ մրգեր: Եվ ահա, վեցերորդ օրը ստեղծվեցին որդերը, որպեսզի ուտեն այդ մրգերը ու տիրեն պարտեզին: Իսկ յոթերորդ օրը, չգիտեմ ինչու, ստեղծվեցին թռչունները, որ հարամեն մեր երջանկությունը»,– կարդաց հայր որդը ու շրխկոցով փակեց գիրքը:
Պստիկ որդը ցնցվեց շրխկոցից: Մի պահ լռեց ու հարցրեց.
– Հայրի՛կ, իսկ խնձորները շա՞տ են համեղ:
– Օ՜, իհարկե զավակս նրանք շատ համեղ ու քաղցր են:
– Եվ, անգամ մեծ են, որ կարելի է ուտե՜լ, ուտե՜լ, ուտե՞լ…
– Այո, այո, այնգան մեծ են, որ շատ երկար ժամանակ կարելի է ուտել, անգամ կարելի է ապրել նրա մեջ:
– Իսկ տանձի՞:
– Տանձի մեջ նույնպես:
– Նա էլ համե՞ղ է:
– Իհարկե, տանձը ավելի համեղ է, քաղցր ու հյութալի: Տանձի մեջ ապրելը դրախտ է, այսինքն շատ հաճելի ու աննման տեղ:
– Հայրիկ, իսկ ինչու՞ մենք չենք ապրում տանձի, խնձորի կամ սալորի մեջ, այլ ապրում ենք աթարի մեջ:
– Հըմ… Դեհ, գիտես որդիս, կա այսպիսի մի հասկացողություն, հայրենիք է կոչվում…
Փոքրիկ որդը զարմացած նայեց հորը: Տարեց որդը փռթկացրեց ծիծաղից ու ասաց.
– Դա կատակ է իհարկե ընդամենը, մի հին, շա՜տ հին անեկդոտ հիշեցի: Մեր հայրենիքը իրականում պարտեզն է, ծառերն ու մրգերը, մրգերի հյութը:
– Բայց ինչու՞ մենք ապրում ենք գոմաղբի մեջ, – նորից կրկնեց իր հարցը որդին:
– Որովհետև, որդի՛ս, պարտեզին ու ծառին հասնելու ամենից կարճ ճանապարհը, որդերի համար, դա գոմաղբն է: Մի օր կգա պարտեզապանը ու գոմաղբի հետ միասին մեզ կտանի պարտեզ, ծառերի ու մրգերի մոտ: Եվ դա կլինի մեր կյանքի ամենից երջանիկ օրը:
– Ի՞նչ երջանկություն, երբ ընկերներ չունեմ, – թախծոտ ասաց փոքրիկ որդը, – երբ չկան ինձ նման փոքրիկ որդեր՝ ում հետ կարելի է խաղալ ու զվարճանալ:
– Պարտեզում շատ, շատ որդեր կլինեն, մի հուզվիր, – հանգստացրեց հայրը:
– Ու բոլորը ստեղծվել են վեցերորդ օրը:
– Ոչ իհարկե, – խորամանկորեն ժպտաց հայրը, – այդ մասին ևս գրված է «Որդանց որդյաց»–ում, ահա լսի՛ր:
Հայր որդը նորից բացեց գիրքը ու կարդաց.
– Նախ ստեղծվեց Առաջնորդը…
– Առաջնորդը՞, – ընդհատեց փոքրիկը:
– Այո, այո՛, Առաջնորդը, այդպես էլ գրված է գրքում: Այսինքն՝ առաջին որդը, պա՞րզ է:
– Պարզ է, – գլխով արեց որդին:
– Առաջնորդը ծնեց Հաջորդին, – շարունակեց, – Հաջորդը ծնեց Հետնորդին, իսկ Հետնորդը ծնեց բոլոր ժառանգորդներին:
Հայր որդը փակեց գիրքը ու նկատեց.
– Իրականում, գիտե՞ս, Հետնորդը իր անունը ստացել էր մի հետաքրքիր դրվագի պատճառով: Հիմա կպատմեմ: Նա թռչունների առաջին ուղևորն էր: Երբ պարտեզապանը սկսեց քիմիկատներով մաքրել պարտեզը, նա շշմած ընկած էր մի տերևի վրա: Պատահական մի թռչնակ կտցահարեց, բայց քիմիկատների՞ց էր, թե իրենից էր գարշահոտ փչում, թռչունը չկարողացավ ծամել ու միանգամից կուլ տվեց: Հետո, երբ թռչում էր տանձենիների այգու վերևով, նրան բաց թողեց իր հետևի դռնակից՝ ներքև: Այդ օրվանից ու այդ պատճառով էլ , ասում են, որ նրան Հետնորդ են անվանում: Բայց այդ մասին տանձենիների այգում ոչ ոք չի խոսում ու դու էլ երբեք այդ մասին չխոսես: Հա՛, ու քանի որ ընկել էր նա ծառի ամենից բարձր տերևին, այդ առիթով էլ զբաղեցրեց Հաջորդի աթոռը, այսինք ամենից մեծ ու համեղ տանձը ու նստեց այդ տանձի վրա: Հետո ի շնորհիվ իր ճարպկության ստեղծեց «Հետնորդի համաորդական կազմակերպությունը», նրա տարբեր մասնաճյուղներն ու տարածեց բոլոր ծառերի ճյուղերով՝ տիրելով պարտեզին:
– Իսկ մնացած որդերը՞, – հարցրեց փոքրիկ որդը:
– Իսկ մնացած որդերը՞… Իսկ մնացած որդերը, հիմա նրա ժառանգորդներն են, նրա սանիկներն ու մեր վեհ գաղափարի շարունակողները:
– Ինչ գաղափարի՞:
– Ա՜յ քե՜զ բա՜ն, – զարմացավ հայրը, – միթե՞ քեզ չեմ ասել ամենից կարևորը:
– Չէ, չես ասել:
– Ուրեմն հիշի՛ր: Մեր ամենից մեծ խնդիրը պարտեզին վնաս տալն է ու նրան տիրելը: Տիրելն ու վնաս տալն է, հասկացար՞:
Փոքրիկ որդը գլխով արեց:
– Հասկացա՞ր, թե ո՞չ:
– Այո՛, այո՛, հասկացա՜:
– Ուրեմն կրկնի՛ր նորից:
– Մեր ամենից մեծ խնդիրը պարտեզին վնաս տալն է ու նրան տիրելը: Տիրելն ու վնաս տալն է:
– Այո, ճիշտ այդպես: Հիշի՛ր նաև, մենք ընտրյալներն ենք բոլոր որդերից, քանի որ պատկանում ենք վնասատուների բարձրադաս ընտանիքին: Եթե լավ հիշես խրատներս, գուցէ մի որ դու էլ դառնաս Հետնորդի աթոռի անվտանգության ծառան, դա ամենից բարձր կոչումն է, որի մասին երազում է ցանկացած որդ:
– Իսկ ովքե՞ր են Հետնորդի աթոռի անվտանգության ծառաները:
– Օ՜, որդիս դրանք անձեռնամխելի ու արտոնյալ որդերն են, որոց բախտ է վիճակվել պաշտպանել Հետնորդի աթոռը, նրա տանձը:
– Ումի՞ց:
– Ո՞նց թե ումից… Թռչուններից ու մեզ նման որդերից, ովքեր ևս երազում են տիրել նրա աթոռին, նրա համեղ տանձին:
– Դու էլ ես երազու՞մ հայրիկ:
– Հիմար է այն որդը, որ չի երազում տիրել աթոռին ու ողջ պարտեզին, որդիս՛: Բայց, կարևորը նաև բախտն է, թե չէ հիմա պառկած չէինք լինի այս գոմաղբի կույտի վրա:
– Այո, տխուր է, – խեղճացած ձայնով ասաց փոքրիկ որդը:
– Ո՛չ մի հուսահատություն, լսու՞մ ես, որդերը հուսահատվելու իրավունք չունեն, դա շատ մեծ շռայլություն է մեզ համար:
«Ոչ մի հուսահատությու՜ն», – արձագանքվեց մթության մեջ:
Արդեն մութ գիշեր էր և հայր ու որդի որդերը քուն մտան…
2
Գիշերը փոքրիկ որդը մի երազ տեսավ: Սկզբից երազը սարսափելի էր: Նա տեսավ թե ինչպես մի սարսափելի թռչուն կտցահարեց ու կուլ տվեց իրեն իր հոր հետ, հետո թռչեց ու իրենց էլ հետևի դռնակից բաց թողեց ներքև: Նրանք ընկնում էին բարձր, բարձր երկնքից, որը ստեղծվել էր «առաջին օրը» ու ընկան մի ծառի վրա, որը ստեղծվել էր «երկրորդ օրը»: Երրորդ օրը հասան տերևներին, չորորդ օրը ծաղիկներին, իսկ հինգերորդ օրը իրենց առջև բացվեց մի հիանալի տեսարան: Տերևների ու ծաղիկների մեջ շողում էր մի ոսկեգույն ու մեծ, շա՜տ մեծ խնձոր:
«Ես էլ եմ հինգերորդ օրը ծնվել», – ասաց ոսկեգույն խնձորը ու ժպտաց փոքրիկ որդին:
«Իսկ ես ծնվել եմ վեցերորդ օրը, – պատասխանեց փոքրիկ որդը, – ու վեցերորդ օրն էլ կուտեմ քեզ: Կուտեմ ու կտիրանամ քեզ:
«Իսկ եթերորդ օրը թռչնակը կուտի քեզ», – զայրացավ խնձորը:
«Ես թռչնակներից չեմ վախենում», – ինքնագոհ շարունակեց փոքրիկ որդը, – «նա ինձ համար ընդամենը տրանսպորտի միջոց է»,
– հետո զարմացավ այդ բառերի վրա, նա առաջին անգամ էր նման բառեր արտասանում՝ «տրանսպորտի միջոց» … Ի՞նչ «տրանսպորտի միջոց», ինքն էլ չհասկացավ թե դա ինչ է:
«Իսկ ես կպատմեմ Հետնորդին և նա կսաստի քեզ», – էլ ավելի բարկացած ասաց խնձորը ու ոսկեգույնից փոխվեց վառ կարմրի:
«Այս այգում երևի բոլորը խաբարբզիկներ են, – մտածեց փոքրիկ որդը, – թե չէ ուտելու իրավունք էլ չկա, իսկույն Հետնորդով են վախեցնում»:
Նա արթնացավ ու այդ ամենը շուտափույթ պատմեց հայր որդին:
Հայր որդի դեմքը պայծառացավ.
– Լավ երազ ես տեսել, որդի՛ս, շա՜տ լավ երազ էր: Կարծես թե շուտով բախտը ժպտալու է մեզ:
Եվ իրոք, «պարոն բախտը» մեր որդերին երկար սպասել չտվեց ու շուտով ժպտաց նրանց:
3
Առավոտյան գոմաղբի կույտը օրօրվելով սկսեց վեր բարձրանալ: Այնքան անսովոր էր դա, որ փոքրիկ որդի գլուխը սկսվեց պտտվել ու չէր ջոկում որտեղ էր իր գլուխն ու որտեղ էր պոչը՝ ինչպես հայրիկն է ասում. «որդի գլխի ու հետույքի միջև տարբերություն չկա»: «Երևի դա հենց այդ պահն է», – մտածեց փոքրիկ որդը:
Հետո ինքն ու հայրիկը կույտի հետ ընկան մի մեծ ու խոր փոս, որի վերևի կլոր ծայրից երևում էր պայծառ ու կլոր երկնքի մի կտոր:
Այգեպանն էր:
Նա աթարի կույտը դույլով տարավ ու թափեց խնձորի ծառի տակ:
Հայրը, այնուհետև որդին, գլուխները հանեցին աթարի կույտից ու իրար նայեցին:
– Որտե՞ղ ենք մենք, հայրիկ, – վախվորած դիմեց փոքրիկ որդուկը:
– Սպասի՛ր, սպասիր որդիս, հիմա քո հայրը ամեն ինչ կպարզի:
Եվ նա սկսեց վեր սողալ կույտի վրայով:
– Ողջու՜յն իմ ցեղակիցներ, – լսվեց ներքևից, – դուք մրգատու այգում եք, բարով եք եկե՜լ:
Հայր ու որդի հայացքը ձգեցին ներքև և աթարի կույտի մոտ տեսան մի շատ հաստավուն, վարդագույն ու երկար որդի: Նախկինում որդուկը երբեք նման որդ չէր տեսել:
Լսելով մրգատու այգու մասին, հայր որդը պայծառացավ, ուրախությունից այնպես փքվեց, որ որդուկին թվաց, թե ուր որ է հայրիկը կպայթի:
Եվ նա պայթեց, պայթեց մի այնպիսի հզոր ձայնով, որ քիչ մնաց փոքրիկ որդը խլանար.
– Օ՜ հո՜ հո՜… Օ՜ հո՜ հո՜, մենք այգում ենք, մրգատու՜ այգում:
Որդուկը զարմացած նայում էր հորը ու փորձում էր ինքն էլ ուրախանալ:
– Հայրի՛կ, իրո՞ք մենք մրգատու այգում ենք:
– Այո՛, այո որդի՛ս, մենք տեղ ենք հասել: Նայի՛ր, նայիր թե ինչքա՜ն մրգատու ծառեր կան այստեղ: Ահա խնձորենին, – ու ցույց տվեց գլխավերևի վիթխարի ծառը, որ մի ահագին մոլորակի էր նման: Հապա նայիր, այն հեռու հեռվում տանձենին է… Նայի՛ր, իսկ այ այս կողմում սալորի ծառերն են աճում: Մենք դրախտ ենք հասել որդիս, այսօրվանից մեզ համար նոր կյանք է սկսելու:
– Բարով եք եկել, ցեղակիցներ, – նորից ասաց մեծ որդը ու ներողամիտ ժպտաց:
Հայր որդը վերևից վար նայեց ու չարացած ասաց.
– Տո՛, ա՛յ համբալ, մենք քո ի՞նչ ցեղակիցն ենք:
Որդուկը զարմացավ հոր այդ կոպիտ պահվածքի համար, նույնիսկ ուզեց ներողություն խնդրել իր հոր փոխարեն: Բայց հայրը շարունակեց.
– Գնա՜, գնա՛ քո գործին ա՛յ ճիճու, նայիր թե ձկնորսները իրենց հետ քեզ ձկնորսության չտանեն: Գնա գործովդ զբաղվիր, հողը մշակիր, ա՛յ մշակ:
Մեծ որդը շրջվեց ու քթի տակ փնթփնթաց. «Էհ, լրիվ հաբրգել են էս վնասատուները, սրացնից էլ պրծում չկա»: Հապա փնտրեց հողի մակերեսի անցքը, որտեղից դուրս էր եկել ու գնաց իր գործին: Գնաց պարտեզի հողը մշակելու, որպեսզի ծառերը էլ ավելի փարթամ աճեն, որպեսզի ավելի համեղ բերք ու բարիք տան ու… ու որպեսզի վնասատու որդեր խժռեն այդ ամենը, լափե՜ն, լափե՜ն, լափեն…
Երբ աթարի կույտից իջան, որդուկը համարձակվեց հարցնել հորը.
– Ո՞վ էր այն մեծ որդը, հայրիկ: